Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանի պատմա-քաղաքական «խորաթափանցության» համառոտ վերլուծություն ըստ իր Վերնատուն ակումբի բացման հանդիսավոր նիստի ճառի

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի 2019 թվականի նոյեմբերի 15-ին միավորիչ հավաքը կայանում էր դրոշների ներքո, մեծ, տպավորիչ հարդարանքով դահլիճում։ Ահռելի կլոր սեղանի շուրջը դիրքեր գրաված այրերի հանդիսավոր կեցվածքն արտացոլում էր պահի պատմականությունը և պատմական պահին մասնակից լինելու ծանրակշիռ արժանապատվությունը (միտքս եկավ երախտաշատ Խնկոյանի «գյուղի ջոջերը»)։ Ակումբի հիմնադիր պ-րն Վազգեն Մանուկյանը ելույթն սկսեց իր անձի և ձեռնարկի կարևորությունը խորապես գիտակցող մարդու տեսքով։ Ներկաները, դատելով քաջալերող հայացքներից և կեցվածքներից, կիսում էին նրա հպարտությունը։ https://www.youtube.com/watch?v=YjWb4-6uMjw 

Սկսեցի ունկընդրել հուսով և սպասումով, որ հավաքը կարող է ի մի բերել հասարակության ավելի հասուն, գիտակից անդամների իմաստությունը և քաղաքական կամքը՝ մեր բազմաչարչար հայրենիքում «թավշյա» քայլողների ստեղծած խեղկատակությանը վերջ դնելու։Ցավոք, սպասելիքս ի չիք եղավ հենց առաջին մի քանի նախադասությունները լսելուց հետո։

Պ-րն Մանուկյանը խոստացավ «երկու խոսքով» բացատրել, որ ակումբի նպատակն է հարթակ լինել, որտեղ «հանգիստ մթնոլորտում» կարծիքները և կուսակցական պատկանելիությունները մնալու են նույնը, բայց «շփումների» հետևանքով երկրի ներսում համերաշխություն և նոր մտքեր ու գաղափարներ են «գեներացվելու»։ «Գեներացվել» ասելով պարոնը երևի նկատի ուներ, ծագել, ծնվել, առաջանալ, բայց միտքը հայերեն արտահայտելու ամենաքիչը երեք ընտրություններից գուցե ոչ մեկը չգիտեր կամ կարծում էր, որ հայերեն պարզ բառերը կարող են նսեմացնել ճառի ճոռոմությունը և ունկնդիրենի մոտ ճառասողի զարգացածության բարձր մակարդակի մասին թյուր կարծիք հարուծել։

Այնուհետև պ-րն Մանուկյանը թվեց օրակարգի երեք «հիմնահարցերը»՝ Արցախ, Հայաստանում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտ, պետա-իրավական։ Նաև զգուշացրեց, որ ելույթների ժամանակ «շատ ավելի այլ հարցեր» են քննարկվելու՝ տնտեսության, կրթության, մշակույթի վերաբերյալ։ Շարունակեց նորից «երկու խոսքով» ներկայացնել իր «պատկերացումները», խոստանալով, որ դրանով ունկնդրին կօգնի հասկանալ թե «որտեղից ենք շարժվել և ուր հասանք»։

Շարժվելու պատմությունն սկսեց «հնից»՝ 1965 թվականից, երբ, ըստ պ-րն Մանուկյանի, «հայության մեջ կտրուկ փոփոխություն» տեղի ունեցավ։ Պարոնի «պատկերացումով» կտրուկ փոփոխության պատճառն այն էր, որ սփյուռքում փախստականի կարգավիճակում գտնվող «հայությունը» «քաղաքացի դարձան այդ երկրներում» ու «գտան իրենց տեղը»։ Անհասկանալի, կամ գուցե իր համար հասկանալի, նպատակով նաև մեջ բերեց «Բեյրութի պատերազմը» (հավանաբար նկատի ուներ 1978 թ. պատերազմը), որն, ըստ պարոնի, «ցույց տվեց, թե հայերն ինչի են ընդունակ»։

Չէի հասցրել ուշքի գալ ու հասկանալ լսածիս իմաստը (խո՞ր), երբ պ-րն Մուրադյանը տեղեկացրեց, որ Հայաստանում «կտրուկ փոփոխությունը» պատճառը միայն արտասահմանում քաղաքացի դարձածները չէին՝ «նույնը կատարվում էր Հայաստանում»։ Այսինքն Հայաստանում և՞ս փախստականները քաղացիության ստացան։ Ունկնդրին (ամենաքիչը ինձ) մոլորության մեջ գցած «նույն»-ի իմաստը ավելի անհասկանալի դարձավ, երբ նա շարունակեց բացատրել, որ «մենք ունեցանք հարյուրավոր գործարաններ, տասնյակ հազարավոր գիտնականներ, ինժեներներ, տարբեր բնագավառի աշխատողներ»։ Փորձելով «նույն» գտնել արտասահմանում փախստականների քաղաքացի դառնալու և Հայաստանում «հարյուրավոր գործարաններ, տասնյակ հազարավոր գիտնականներ, ինժեներներ, տարբեր բնագավառի աշխատողներ» ունենալու միջև, հասկացա, որ գուցե «նույնն» այն էր, որ երկու դեպքում ինչ որ մի բան, ըստ պ-րն Մանուկյանի, «բոցկլտում էր»։

Պ-րն Մանուկյանի նկատմամբ հարգանքի տուրքով համարձակվում եմ հիշեցնել, որ արդեն 1930-ական թվականների վերջին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը կազմում էր համախառն տնտեսական արտադրանքի 70%, որ Կիրովականի Մյասնիկյանի Անվան քիմկոմբինատը և Երևանի արհեստական կաուչուկի (այժմ «Նաիրիտ») գործարանը համաշխարհային մակարդակի արդյունաբերական հսկաներ էին մինչ Հայրենական Պատերազմը (մինչ 1941 թ.), որ Արարատի ցեմենտի գործարանը, Անիպեմզան, Արթիկտուֆը նույնպես հիմնադրվել էին պատերազմից առաջ, որ Երևանի Պետական Համալսարանը «տարբեր բնագավառի աշխատողներ» էր պատրաստում սկսած 1919 թվականից, որ Բյուրականի աստղադիտարանը, Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտը և այլ մեծանուն հաստատություններ արդեն համաշխարհային հեղինակություն ունեցող գիտահետազոտական կենտրոններ էին 1965 թվականից տասնյակ տարիներ առաջ։ Աշխարհի արդի պետական քարտեզի վրա նոր հայտնված Հայաստանը հիսուն տարուց պակաս ժամանակահատվածում ագրարային, գավառական շրջանից վերածվել էր հզոր արդյունաբերություն և բարձր կրթական ու գիտատեխնիկական մակարդակ ունեցող երկրի, և դա որոշակիորեն մինչ 1965 թ.։

Խորհրդային Հայաստանի նվաճումները 1965 թվականին ու «մենք»-ին վերագրելուց հետո, պ-րն Մանուկյանն անմիջապես անցավ քաղաքական շաղակրատանքի՝ «բոցկլտում էր հպարտության ուժը և ձգտումը ավելի մեծի», «մենք ուզում էինք պետություն, որտեղ մարդիկ կարողանում էին ազատ ապրել», կար «ազատության ձգտում», «ազգայինի ձգտում»։ Ըստ Մանուկյանի այդ «ձգտումը պոռթկաց» 1988 թ., երբ «մենք հիմքերը դրեցինք ազատ տնտեսության»։

Այսինքն, պարոնի իսկ նշած նախաութսունութական  ազգային գիտատեխնիկական ու տնտեսական աննախադեպ վերելքը անազատության և ապազգային պայմանների հետևանք էր։ Երևի իր կարծիքով ասածի մեջ խոր թաքնված տրամաբանություն կար։

Դրանից հետո պ-րն Մանուկյանը դեմքի լուրջ արտահայտությունով հայտարարեց, որ «88 թ բերեց անսպասելի մեծ արդյունքների», «շարժումը փոխեց Հայաստանը, Հայաստանի կյանքը, փոխեց Խորհրդային Միության պատմությունը, ազդեց աշխարհի պատմության վրա»։

Հարց է թե պ-րն Մանուկյանը չի՞ հասկանում, թե՞ միտումնավոր անտեսում է փաստը, որ 1988 թ. «պոռթկման» հետևանքով Հայաստանի ծանր արդյունաբերությունը ոչնչացել էր, հարյուր հազարավոր մարդիկ գործազուրկ ու ընչազուրկ էին դարձել, երկիրը հիսուն տարով հետ էր նետվել, տարրական համայնական ու հասարակական ծառայությունները վերացել էին, Ադրբեջանի տարածքում հալածանքներ էին սկսվել, բազմաթիվ հայեր զոհվել կամ համատարած տեղահանվել էին։ 1988 թ. «շարժման» արդյունքների մեջ պ-րն Մանուկյանը մոռացավ նաև նշել, որ Հայաստանի ազգաբնակչության զգալի մասը (շատ սխալված չեմ լինի ասելով մոտ մեկ երրորդը) արտագաղթել էր, արդյունաբերական և գիտատեխնիկական հիմքը գրեթե լիովին ոչընչացել, կրթահամակարգը խարխլվել, զարգացման ներուժը չքացել, իսկ Խորհրդային Միության անկումից հետո նոր իրավիճակին չհարմարված, ընչազուրկ դարձած անհատների մարդկային արժանապատվությունը հողին էր հավասարվել։

Պ-րն Մանուկյանը նշեց, որ «հետո սկսվեցին շեղումներ», մատնացույց անելով, որ «ամենամեծ շեղումը 1995թ. 1996թ. ընտրություններն էին»։ Անմիջապես միտքս եկավ Ղարսեցի տատիցս լսած «Խելքին աշեք՝ ջուրը ջաղացն է տարե, ընգե չըխպլիգը ման գուքա»։

Կարելի էր շարունակությանն այլևս չհետևել՝ մարդը կամ իրոք չի հասկացել, կամ հոգին միտումնավոր սևացնում է Հայաստանի գլխին եկած արհավիրքը ներկայացնելով «ազատագրում», որը հնարավորություն էր տվել «արևմտյան ժամանակակից պետության օրենքները ադապտացնել Հայաստանում»։ «Ադապտացնել» ասելով, ըստ երևույթին, նկատի ուներ հարմարվել, համապատասխանվել, ընդօրինակել՝ նորից ամենաքիչը երեք հայերեն ընտրություն։ Երկար տևած «երկու խոսքը» վերջացավ առկա իրավիճակի վերլուծությունով ու գնահատականով, որը, ինչպես անցյալի գնահատականը, մակերեսային կիսաճշմարտություն, կամ, ավելի վատ՝ միտումնավոր քաղաքական աճպարարություն էր։

Հիրավի մատնացուցելով Նոլիկ Փաշինյանի ու յուր մերձավորների թերությունները, նշելով, որ «դեն է շպրտվում այն ամեն կարևորագույնները ինչի որ հասել ենք մեր ամբողջ ժողովրդով»,

պ-րն Մանուկյանը թերացավ նկատել, որ Փաշինյան երևույթը իր իսկ նշած 1988-ին սկսված իրադարձությունների արձագանքն ու արդյունքն է՝ զարգացած գիտատեխնիկական երկրի բարձր կրթամակարդակ և արժանապատվություն ունեցող ժողովուրդը 1988-ի «պոռթկմանը» հաջորդած 90-ականների ապազգայնությանն ու վնասարարությանը հետևած կեղեքման, ստորացման արհավիրքով անցել, միտումնավոր թեր ուսուցվել, ամբոխի է վերածվել ու փրկվելու ճիգով կառչել կիսագրագետ, անիրազեկ, արկածախնդիր դրամաշորթից։

Պ-րն Մանուկյանի գովերգած 1988 թվի «պոռթկման» հետևանքներից միայն Արցախի ազատագրումն է ազգային արժեք ունեցող նվաճում, բայց Արցախի (ինչպես և Նախիջևանի) խնդիրները Խորհրդային իրավակարգի սահմաններում անարյուն կերպով լուծվելու ներուժ ունեին, եթե «պոռթկումը» չլիներ։ Ցավալին այն է, որ «պոռթկացողները» ժողովրդին մոլորեցնելու համար շահարկեցին Արցախի ինքնորոշման հասունացած հարցը։

Ամենակարևորը՝ ազգային ու հասարակական առաջնորդի հավակնություն ունեցող պ-րն Վազգեն Մանուկյանի «88 թ բերեց անսպասելի մեծ արդյունքների» գովերգը փաստում է, որ հարգելի պարոնը չի հասկանում ու հաշիվ չի տալիս թե 1988 թ-ի «պոռթկումը» ինչպիսի աղետ էր Հայաստանի ու հայերի համար, իսկ լուսահոգի մեծ ֆիզիկոս Ժորես Ալֆյորովի խոսքերով «համաշխարհային քաղաքակրթության զարգացման դեմ մղձավանջային հանցանք»։https://www.youtube.com/watch?v=Si_LdvJkhH0

Այն, ինչը պ-րն Մանուկյանը գնահատում է որպես «88 թ. անսպասելի մեծ արդյունքներ», ավելի քան մղձավանջային աղետ էին առանձին վերցրած մի երկրի՝Հայաստանի համար։

Ողբամ զքեզ Հայոց Աշխարհ եթե անգրագետ, վարձու ստահակի ու իր թերուս թիմի երկընտրանքը ինքնակարևորությունից հնդուհավի նման ուռած քաղաքական կարճատես Վազգեն Մանուկյանն ու իր թիմն են։

Նորետա Անդրեասյան-Թոմաս

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նոյեմբեր 2019 թ.

Հ.Գ. Ակնարկը շարադրել էի «Վերնատուն» ակումբի միավորիչ հավաքը դիտելուց անմիջապես հետո, բայց չէի հրապարակել մտածելով, որ գուցե ակումբը կարող է դրական որևէ արդյունքի հասնել։ Անցել է մեկ տարի, երկիրը արհավիրքի է հասել, իսկ «Վերնատուն» ակումբի «միավորված» գործունեությունը հասարակա-քաղաքական գիտակցության և իրավիճակի վրա նույնիսկ հպանցիկ ազդեցություն չի ունեցել։ Կարծում եմ օգոստոսի 22-ի հարցազրույցի ժամանակ գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանի «քաղաքական դաշտում մեծամասնությամբ ուղղակի խաղացողներ են», «ազգի նվիրյալներ չեն» գնահատականը պ-րն Մանուկյանի վերաբերյալ տեղին ու արդարացի կլիներ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s